Հանրագիտարան

Կոկո Շանել

Ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելի (մականունը`   Կոկո Շանել, 1883թ. օգոստոսի 19 - 1971թ. հունվարի 10) ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ Time ամսագիրը նորաձևության աշխարհից միայն նրան ընդգրկեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատել է պատրաստի հագուստի խանութում որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել է կաբարեում։ Քանի որ նրա սիրելի երգերի վերնագրերն էին Ko Ko Ri Ko և Qui qua vu Coco, ուստի նրա մականունը մնաց «Կոկո»։

 

1910 թվականին Շանելը բացել է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Կամբոն» (Cambon) փողոց և այստեղ է մինչ այսօր։ 1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացել է իր առաջին նորաձևության տունը:

 

Շուտով, սակայն, առաջին համաշխարհային պատերազմն ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին, նա բացելէ նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ Շանելն արդեն իսկ աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։

 

1921 թվականին հայտնվել է հանրահայտ Chanel № 5 օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ օծանելիքը մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ), սակայն Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։
 
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե՛ օրվա ընթացքում, թե՛ երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան Vogue ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ժողովրդականությամբ հավասարացրել է Ford ավտոմեքենային։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939թ.), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակել է խանութները և նորաձևության տունը։ Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնել է Շվեյցարիա։
 
1954 թվականին 71-ամյա Շանելը վերադարձել է նորաձևության աշխարհ և ներկայացրել իր նոր «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասել միայն երեք սեզոն անց:
 
Շանելը ներկայացրել է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ Շանելը մահացել է 1971 թվականին Լոզանում 88 տարեկանում։ Նրա մահից հետո պահարանում միայն երեք զգեստ են գտել։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: